Հայոց
մեծ եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրն այսքան մարդաշատ
լինում է միայն ապրիլի 24-ին: Առանք տարիքի ու քաղաքական
համոզմունքների խտրականության, մարդիկ հավաքվել են` մի վերջին
ճիգով ընդդիմանալու հակահայ քաղաքանության դրսեւորմանը`
հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ամբիոնից հնչել
է համոզմունք, որ եթե ստորագրվեն փաստաթղթերը, դա հիմք է
դառնալու իշխանափոխության արդար պահանջի, ինչը չպետք է լինի
ինքնանպատակ, այլ պետք է փոխվի ժողովրդի կարծիքի հետ հաշվի
չնստող համակարգը: Համատեղ ճակատով պայքարելու հայտարարությանը
միացած կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել առավել
ամրացնել միասնականությունը` ընդգրկելով նաեւ այլ ուժերի:
"Ոչ մի զիջում թուրքերին", "Միություն, պայքար, հաղթանակ"
կարգախոսներով ու պաստառներով այսօր հանրապետության հրապարակից
ժամը 17-ին մեկնարկեց բազմահազարանոց երթ` դեպի նախագահական
նստավայր, ուր ցուցարարները հանձնել են երկրի ղեկավարին ուղղված
հայտարարությունը: Այնուհետեւ հայ-թուրքական նախաստորագրված
արձանագրությունների դեմ բողոքի հանրահավաք է տեղի ունեցել
Ծիծեռնակաբերդի բարձունքում: Այսպիսով, Դաշնակցության ավելի քան
մեկ ամիս տեւած հացադուլն ու նստացույցն ավարտվեցին ընդդեմ
արձանագրությունների բողոքի այս գործողություններով`
վերահաստատելով նախապայմաններ պարունակող փաստաթղթերին "ոչ"
ասելու հաստատակամությունը:
Հայ-թուրքական արձանագրությունները չեն կարող ստորագրվել այս
տեսքով: Արդեն մեկ ամիս է` այս պահանջով հազարավոր մարդիկ
մասնակցում են բողոքի ակցիաների: Հանրապետության հրապարակից, որ
վերջին շաբաթներին վերածվել էր բողոքի ամբիոնի, մեկնարկեց
բազմահազարանոց երթ` դեպի նախագահական նստավայր:
Ամիրյան փողոցն ու Մաշտոցի պողոտան ծայրից ծայր լեցուն է
մարդկանցով: "Ոչ մի զիջում թուրքերին", "Նախագահ, մի զիջիր"
կոչերով եւ պաստառներով շուրջ 60 հազար հոգի մեկ մարդու նման
շարժվում է Բաղրամյան փողոց: Երթի մասնակիցներին իրենց
զորակցությունն ու միասնականությունն են հայտնում նաեւ մայթերին
հավաքված մարդիկ: Երթին միացել են մի շարք կուսակցությունների
ներկայացուցիչներ, մտավորականներ, շարքային քաղաքացիներ:
Օրեր շարունակ ցուցարարները փորձում էին հայ-թուրքական
նախաստորագրված արձանագրությունների մեջ քողարակված
նախապայմանների ու վտանգների վրա հրավիրել հայրենակիցների եւ
իշխանությունների ուշադրությունը: Սթափության կոչ էին հնչեցնում
նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները: Պաստառներով, դրոշներով ու
բացականչություններով լեցուն քաղաքի կենտրոնական փողոցները,
հակառակ շատ պնդումների, վկայում են, որ մարդիկ անտեղյակ եւ
անհաղորդ չեն իրենց ապագային վերաբերող գործընթացներին:
Արձանագրությունների դեմ նախաձեռնված ստորագրահավաքին միայն
Հանրապետության հրապարակում մասնակցել էր շուրջ 60 հազար մարդ:
Այս ստորագրահավաքի արդյունքներն ու երկրի ղեկավարին ուղղված`
Հայաստանի շահերը ոտնահարող քաղաքականությանը վերջ տալու
պահանջով հայտարարությունը, որին միացել են 12 կուսակցություններ
եւ ավելի քան 60 հասարակական կազմակերպություններ, հանձնվեց
նախագահի աշխատակազմի ղեկավարին:
Անընդհատ մեծացող բազմությունը համառ ու անզիջում կոչերով
շարժվեց Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր`
մասնակցելով հանրահավաքի:

