| |

Աւելի քան
12000 լոսանջելոսահայեր Կիրակի, Հոկտեմբերի 4-ի ճաշից յետոյ ժամը
3-ից սկսեալ բողոքի զանգուածային, բուռն ցոյց կատարեցին Բէվըրլի
Հիլզ քաղաքում գտնուող Բէվըրլի Հիլթոն հիւրանցի դիմաց, ուր
իջեւանել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եւ իր
պատուիրակութիւնը: Ցուցարարները, որոնց մաս էին կազմում հոգեւոր
հայրեր, արայք, կանայք, պապիկներ, տատիկներ, ընտանիքներ,
աշակերտներ, երիտասարդներ չորս ժամ շարունակ ցուցապաստառներ պարզած
միաբերան աղաղակեցին, որ դէմ են Հայաստան-Թուրքիա
յարաբերութիւնների հաստատման հարցով նախաստորագրուած ազգավնաս
արձանագրութիւններին եւ Հայաստանի իշխանութիւններից պահանջում են
չստորագրել եւ չվաւերացնել դրանք: Բազմաթիւ մեծ ու փոքր
ցուցապաստառների մէջ խիստ ուշագրաւ էր «Մի դաւաճանի՛ր» կարգախօսը
կրող հսկայական ցուցապաստառը, որը փակցուած էր Բէվըրլի Հիլթոն
հիւրանցի դիմացի երկու ծառերին, պատկերելով Հայաստանի եւ Թուրքիայի
նախագահների ձեռնուելու ժպտերես խոշոր լուսանկարը: Ցուցարարների
կարգախօսները բուռն էին եւ բարձրաձայն: Հիւրանոցի գլխաւոր մուտքը
եւ շրջափակը շրջապատուած էր ոստիկաններով ու անվտանգութեան
ուժերով:
Ժամը 4-ի
սահմաններում հիւրանոցի ժողովասրահներից մէկում տեղի ունեցաւ
նախագահի հանդիպումը լոսանջելոսահայ համայնքի 52
կազմակերպութիւնների ու հաստատութիւնների, այդ թւում ազգային երեք
կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ: Ըստ տեղեկութիւնների,
հրաւիրեալների մէջ մեծ թիւ էր վերապահուած գործարարներին:
Հանդիպման ընթացքում նախագահը Փարիզում եւ Նիւ Եօրքում ունեցած
նմանատիպ հանդիպումների օրինակով, փորձել է համոզել ներկաներին, որ
արձանագրութիւններում վտանգուած չեն հայ ժողովրդին յուզող
պահանջատիրական հարցերը: Այնուամենայնիւ, ներկայացուցիչների ճնշող
մեծամասնութիւնը քաղաքավարի, սակայն բուռն ու յախուռն
արտայայտութիւններով շեշտել է, որ նախագահի ասածները չեն
համապատասխանում իրականութեանը եւ որ այլ բան են ասում
արձանագրութիւններում տեղ գտած կէտերն ու բովանդակութիւնը: Ժամը 6
անց կէսի դրութեամբ հանդիպումից դուրս եկաւ ՀՅԴ Արեւմտեան
Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անդամ Յովան Թաշճեանը, որը ելոյթ
ունենալով բազմահազար ցուցարարբերի առջեւ, կոչ ուղղեց Հայաստանի
նախագահին ու իշխանութիւններին, որ անյապաղ կասեցնեն
արձանագրութիւնների վաւերացման ազգավնաս գործընթացը: Ցուցարարները
հաստատման բարձրագոչ աղաղակներով վերահաստատեցին կոչը, որից յետոյ
միասնաբար երգեցին Հայաստանի հինմերգը՝ «Մեր Հայրենիքը»:
Այս լուրերը տրամադրւում են
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի
Կեդրոնական Կոմիտէի
Հանրային Կապի Գրասենեակի կողմից
ARF Central Committee
Office of Public Relations
Contact Person: Saro Nazarian
PublicRelations@ARF1890.com
Tel: (818) 243-7059
Fax: (818) 243-1467
|